«Քվանտ» վարժարանի շրջանավարտների բարեգործական հիմնադրամը հիմնադրվել է 2017թ․ «Քվանտ» վարժարանի մի քանի շրջանավարտների կողմից։ «Քվանտ» վարժարանը Հայաստանի մայրաքաղաք Երևանում գործող մասնավոր դպրոց է, որը բարձրակարգ կրթություն է տրամադրում ֆիզիկամաթեմատիկական, քիմիակենսաբանական, տնտեսագիտական և հումանիտար ուղղություններով։
Լինելով մասնավոր կրթական հաստատություն՝ «Քվանտ» վարժարանն ունի լավագույն աշակերտներին ուսման վարձի մասնակի կամ լրիվ զեղչեր առաջարկելու հին ավանդույթներ։ Մեր հիմնադրամի հիմնադիրներից և նվիրատուներից շատերը ժամանակին օգտվել են այդ համակարգից, որը մեծապես նպաստել է նրանց մասնագիտական աճին։ Մեզնից շատերի համար այդ օժանդակությունը վճռորոշ է եղել կրթության և ապագայի կերտման խնդրում։
Սակայն ուսման վարձից բացի ուսանողները ստիպված են կրել ուսման հետ ուղղակի և անուղղակի կապված բազմաթիվ ծախսեր՝ տրանսպորտային, գրենական պիտույքների, կենցաղային և այլն, որոնք հատկապես ծանր կարող են լինել մարզերում բնակվող աշակերտների համար։ Ցավոք սրտի բազմաթիվ տաղանդավոր երեխաների համար այդ ծախսերը արգելք են դառնում իրենց կրթությանը նոր որակ հաղորդելու ճանապարհին։
«Քվանտ» վարժարանի շրջանավարտների բարեգործական հիմնադրամի հիմնական նպատակն է այսպիսի աշակերտներին օգնելը կրթաթոշակների միջոցով՝ այդպիսով թույլ տալով նրանց իրենց ուսումը շարունակել միջազգային բարձր մակարդակի դպրոցում, որը տրամադրում է բոլոր անհրաժեշտ գործիքակազմն ու հնարավորությունները հաջողակ մասնագիտական կյանք և ապագա կերտելու համար։